Տրիոլետ
Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։
17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։
Եղիշե Չարենցի տրիոլետներից
Այսօր Ձեր մատները, տիկի՛ն
Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի.
Մաղում են կապույտ մի փոշի,
Այսօր Ձեր մատները, տիկին։
Հին բույրն եմ զգում ես կրկին,
Հին բույրը անցած, ուրիշի,—
Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի…
Աղբյուր
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D6%80%D5%AB%D5%B8%D5%AC%D5%A5%D5%BF
Սոնետ
Սոնետ (իտալերեն՝ sonetto, sonare — հնչել), բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ)։
Եղիշե Չարենցի սոնետներից՝
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։
Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։
Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ[1] են երգում
Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։
Աղբյուր
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D5%B6%D5%A5%D5%BF
Ռուբայաթ
Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» — քառյակ), պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։
Եղիշե Չարենցի ռուբայաթ
Ռուբայաթ I
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս – բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան – ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո – հու՛նտ է գալիքի` մեռնելով – նա սնում է գալիքը,
Եւ այսպես — տևում ես դու երկար,- ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես:
Աղբյուր
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%B8%D6%82%D5%A2%D5%A1%D5%B5%D5%AB
Գազել
Գազել, ղազալի (արաբերեն/պարսկերեն՝ غزل, թուրք.՝ gazel), բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։
Եղիշե Չարենցի գազել
Ի՜նչ տրտում են զանգերը…
Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—
Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի…
Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի…
Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ
Հոգուս վրա — օ, սո՜ւրբ անդորր մայրամուտի…
Աղբյուր
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A1%D5%A6%D5%A5%D5%AC